Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2398 նոր դեպք. ապաքինվել է 1059 քաղաքացի

Armenpress 11:07, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4936 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 397596 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2398 նոր դեպք և 1059 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1300 (ավելացել է ևս 28-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:

Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am