Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հակահամավարակային կանոնների վերահսկման գործառույթները

Armenpress 19:40, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները։ Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության հայտարարության մեջ նշված է. «Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է:

Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am