ՊԵԿ-ի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» և զինծառայողների  հիմնադրամներին

Armenpress 18:21, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 25 միլիոն դրամ են փոխանցել  «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի և 75 միլիոն դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:

Միաժամանակ շարունակելով  մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է:

Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:

Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության և ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։

Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am