1000х90.jpg (78 KB)

Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները

Armenpress 14:27, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

«Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am