Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Armenpress 13:29, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։

Ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով պայմանավորված՝ պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից»,-ասված է հայտարարության մեջ։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am