Արցախի անկախության ճանաչումը անվտանգության խնդրի լուծման առաջնահերթ քայլն է. Անդրանիկ Քոչարյան

Armenpress 13:19, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախության ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը, ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա շեշտեց՝ միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի կողմից քննարկված տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել: «Քանի որ հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավորը նկատեց, որ եթե սրանից առաջ որոշակի քայլերը պետք է ինչ-որ պահի բերեին ճանաչման, ապա այսօր ճանաչումն է, որ միակ առաջնահերթ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը:

Քոչարյանը նաև հիշեցրեց, թե անվտանգության գոտին ինչպես է ձևավորվել: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով  ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ  նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշեց նա:

Անդրադառնալով անվտանգության գոտու տարածքից հայկական ուժերը հանելու Ալիևի մտքին՝ Քոչարյանն ասաց. «Զորքը հանե՞նք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ: Այդպիսի բան չի կարող լինել: Այսօր Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Եվ այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու ուղղությամբ»,-ասաց Քոչարյանը:

Աննա Գրիգորյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am