1000х90.jpg (78 KB)

Ալիևը կորցնում է պայմանավորվածության կողմ լինելու ունակությունը. քաղաքագետ

Armenpress 23:26, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի մեկ ամսվա ընթացքում արած հայտարարությունների արժեքը չափելու դեպքում կպարզվի, որ այն ձգտում է զրոյի։ Նման տեսակետ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

«Ալիևն այն անձն է, որը  երեք հրադադարի վերաբերյալ համապատասխան հայտարարություններից հետո սկսեց ռազմական գործողություններ։ Նա կորցնում է պայմանավորվածության կողմ լինելու  ունակությունը»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հոկտեմբերի 28-ի Ալիևի հնչեցրած հայտարարությանն առ այն, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի, սակայն չի ստացել հրավեր, Մարգարովը հիշեցրեց, թե Ալիևը բանակցելու պատրաստակամության մասին խոսել է նաև ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ սակայն առաջարկելով նախապայմաններ։ Միաժամանակ նա այդ հարցազրույցում ևս նշել է, որ չի ստացել բանակցելու համար Մոսկվա մեկնելու հրավեր։  «Կամ դա ուղերձ է, որ հրավիրեք ինձ Մոսկվա, ես պատրաստ եմ գալ և խոսել, կամ՝ դա հերթական պատրվակն է։ Նա փորձում է ցույց տալ, որի ինքը, չնայած իր ամբողջ պատրաստակամությանը, չի հանդիպում այլ կողմի ընկալմանը»,- նկատեց Ալեքսանդր Մարգարովը։

Նա հավելեց, թե հոկտեմբերի 28-ի հայտարարությամբ Ալիևը շեշտել է այն հանգամանքը, որ չի տեսնում, թե ինչ կարող է իրեն առաջարկել Հայաստանն այս բանակցային գործընթացի ժամանակ։  «Ալիևի գործողություններն ավելի լավ են խոսում նրա իրական կերպարի մասին, քան նրա հայտարարությունները, որոնք հնչեցվում են, և, միգուցե ուղղված են արտաքին աշխարհին, սակայն աստիճանաբար կորցնում են իրենց կշիռը»,- եզրափակեց քաղաքագետը։   

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Սամվել Սարգսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am