Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան

Armenpress 22:40, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ առաջնագծի որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը, կարծես թե, հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, որ այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը, կարծես թե, Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Այս կապակցությամբ հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ և հետևանքներ է ունենալու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է  տարածել այն  մասին, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից  առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու  արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև  լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am