Շուշիի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 21:10, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարությունում:

Շուշիի, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 28-ին «Սմերչ»-ով հարվածներ է հասցրել, եղել են նաև ավիահարվածներ: Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է ավիահարվածի թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am