1000х90.jpg (78 KB)

Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. Վահրամ Պողոսյան

Armenpress 20:36, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի  խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 «Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք...

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»,- գրել է Պողոսյանը:

Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է ավիահարվածի թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am