Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական աշխատանքների ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարար

Armenpress 18:16, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությունից:

«Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շուշիի, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 28-ին «Սմերչ»-ով հարվածներ է հասցրել, եղել են նաև ավիահարվածներ: Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է ավիահարվածի թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am