ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

Armenpress 17:23, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:

Գործարարները կարևորել են իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը,  ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ է եղել հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից, ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության  համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am