Հակառակորդը ավիահարվածներ է հասցնում Ստեփանակերտին. թիրախավորվել է ծննդատունը. ԼՐԱՑՎՈՂ

Armenpress 14:21, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված: 

14:25 - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ հակառակորդն ավիահարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաքին: 

14:39 - Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

14:57 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին օդային տագնապ ազդանշանն անջատվել է: 

15:03 - ANNA News լրատվական գործակալության թղթակիցը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, ադրբեջանական կողմը Ստեփանակերտի վրա ռումբերը գցել է պարաշյուտով: «Քիչ առաջ Ստեփանակերտի կենտրոնին ավիահարված հասցվեց: Ռումբերն ընկան կենտրոնում, Գրիբոյեդովի անվան դպրոցի շրջակայքում, այնտեղ գտնվում է նաև ԱԻՆ-ը: Ռումբերն ընկնում էին ինքնաթիռներից` պարաշյուտներով»,- նշում է նա:

15:20 - «Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am