Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

Armenpress 13:20, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սենատորն այս մասին հայտարարել է խորհրդարանում: 

«Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, աջակցել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման մշտական արգելքին, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, և էսկալացիայի սրացման, ինչպես նաև խաղաղ հայ բնակչությանը շարունակ թիրախավորելու լույսի ներքո ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-նշել է նա:

Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am