Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Armenpress 09:26, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք: Շնորհակալություն, պարոն գեներալ: Պատի՛վ ունեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:  «Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-ընդգծել է Արցախի նախագահը։ 

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am