Ադրբեջանական հրթիռի հարվածից Արցախի Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին

Armenpress 19:39, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կեսօրին կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

«Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ»,- նշում է Արցախի ՄԻՊ-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am