ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում

Armenpress 11:10, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչև այժմ, ուներ 30 մլն դոլարի արժեք: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություներ, գույքով ապահովվել են մանկապարտեզներ, դպրոցներ և այլն:

«Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ»,-ասաց Տերտերյանը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am