Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարները

Armenpress 22:36, 26 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝

Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները: Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը: Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:

«Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչև 15 տարեկան երեխաների շփման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am