Ոստիկանությունը քննում է առաջնագծում պայմաններից դժգոհած ծառայողին առնչվող տեսանյութը

Armenpress 21:49, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է այն տեսանյութի քննությունը, որտեղ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերին առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհել է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից

«Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:

Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:

Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում: Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:

Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:

Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am