Փաշինյանը բոլոր տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը

Armenpress 19:26, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն: Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը: Որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am