Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա. Փաշինյան

Armenpress 19:19, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի:

«Ադրբեջանը պատրաստ չի եղել ու հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման: Սա է ամենակարևոր խնդիրը, որ թույլ չի տվել լուծել հարցը»,- նշեց վարչապետը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am