Թուրքիային զսպաշապիկ հագցնելու ժամանակը վաղուց հասունացել է. Արմեն Մարուքյան

Armenpress 17:37, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սանձելու, լուրջ միջոցներ գործադրելու ժամանակն աստիճանաբար հասունանում է: Այդ համատեքստում կարևոր քայլերից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային վտարելու ուղղությամբ բանակցություններ սկսելը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:

«Թուրքիան ձգտում է Մինսկի խմբի համանախագահների շարքում տեղ ունենալ, սակայն դա չի կարող իրագործվել: Մինսկի խումբը ստեղծվել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, իսկ ի՞նչ ենք մենք այսօր տեսնում: Դրանում գտնվող երկիրը, փաստորեն, անմիջական ներգրավված է ռազմական գործողություններում: Հետևաբար, նա տեղ չի կարող ունենալ այդ ֆորմատում: Կարծում եմ, որ նույն եռանախագահների միջոցով Մինսկի խմբի ֆորմատում կարելի է բանակցություններ սկսել Թուրքիային Մինսկի խմբից վտարելու ուղղությամբ: Կարծում եմ, որ դա պատշաճ ապտակ կլինի նույն նախագահ Էրդողանին: Վաղուց հասունացել է ժամանակը Թուրքիային զսպաշապիկ հագցնելու, որովհետև նա այլևս բոլոր կարմիր գծերը հատել է: Այնպիսի տպավորություն է, որ Էրդողանն առաջնորդվում է ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Նա նկատեց, որ Էրդողանի պահվածքը գերագրեսիվ է դարձել: Ըստ պատմաբանի, դա պայմանավորված է նրանով, որ Արցախի դեմ սանձազերծած գործողություններում նախատեսված բլիցկրիգը տապալվեց, Լաչինը կտրելու փորձը ձախողվեց, չնայած բոլոր ջանքերին կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին օգնելու:

«Ահաբեկիչների միջոցով ինքն իրեն խայտառակելով չկարողացավ այն արդյունքը ստանալ, որն ակնկալում էր: Ակնհայտ է, որ պատերազմն այն ընթացքով չի զարգանում, որով ծրագրել էին: Այսօր տեսնում ենք, որ  ՆԱՏՕ-ի անդամները լուրջ խնդիրներ ունեն իրենց գործընկերոջ՝ Թուրքիայի հետ: Նույն ՆԱՏՕ-ի ներսում ռազմաքաղաքական ալյանսից նրան վտարելու կոչեր են հնչում:  Չի կարելի գերտերությունների հետ նման լեզվով խոսել: Թուրքիային սանձելու ժամանակն է, կարծում եմ, որ մի քանի պատժամիջոցներ և պարոն էրդողանին կարող են ռացիոնալ դաշտ բերել»,-հավելեց պատմաբանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am