1000х90.jpg (78 KB)

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան

Armenpress 12:04, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նա:

ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 08:00-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու առնչությամբ՝ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան ընդգծել էր. «Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»:

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am