Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

Armenpress 10:35, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գանձասար»  պարբերականը տեղեկացնում է, որ  այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ  ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:

Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բարձրացնելով ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի, այնպես էլ Արցախի անկախության ճանաչման հարցը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am