Առաջնագծում ընթանում են ծանր մարտեր. ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը

Armenpress 22:20, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշ մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ՊԲ-ն շարունակում է նաև ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու չեզոքացումը:

«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ու ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am