Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության

Armenpress 22:21, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ պետդեպի կայքը, այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», - ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am