Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով

Armenpress 01:16, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌՒԱ Նովոստին, այս մասին ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման հունի վրա»,- ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի բարեկամության մասին, որն արժևորում է Ռուսաստանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am