Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին

Armenpress 01:09, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ի երեկոյան կրակի տակ են առել Արցախի Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական բանակի նշանակետում է հայտնվել Մարտունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել  է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am