Ֆրանսիայի ՆԳ նախարարը Մոսկվայում կքննարկի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Armenpress 22:58, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ կքննարկի ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մոտ աղբյուրներին։

«Մոսկվայում Դարմանինին կընդունի նրա գործընկեր Վլադիմիր Կոլոկոլցևը՝ քննարկելու համագործակցությունը ահաբեկչության, անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում», - հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:

France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների նման բանակցությունները վաղուց պլանավորված էին, սակայն դրանց անցկացումն արագացվել է հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը հետաքրքրություն են հայտնել ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման հարցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am