«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ

Armenpress 12:25, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց և հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:

Արցախցի կանանց ձեռքում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ. «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն:

Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը նշեց, որ իրենք դեսպանատան մոտ են եկել՝ պահանջելու արդարություն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի վերջ դրվի այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախում: Եկել ենք ԱՄՆ-ից պահանջելու, որպեսզի այն որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ և վերջ դնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ միջամտի այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, և, վերջապես, խաղաղություն հաստատվի մեր երկրում: Մենք եկել ենք այստեղ և պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ դեսպանը ներկայանա ու լսի մեր խոսքը»,- ասաց Սաֆարյանը:

Կանայք նաև վանկարկում էին. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի լռեք», «Կանգնեցրեք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» և այլն:

Մեկ այլ մասնակից՝ Լիանա Ադամյանը շեշտեց, որ բազմաթիվ կանայք լքել են իրենց բնակավայրերը՝ առաջնագծում թողնելով իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին:

«Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատուն և չենք լռելու ու հենց այնպես չենք հեռանալու, մենք պահանջ ունենք: Համավարակի պայմաններից ելնելով քիչ մարդ է հավաքվել, քանի որ բազմաթիվ կանայք ունեն փոքր երեխաներ: Նվազագույն դեպքում դեսպանատան ներկայացուցիչը պետք է դուրս գա և վերցնի մեր պահանջը, այլապես չենք հեռանալու այստեղից: Մենք հանդիպում ենք պահանջում, քանի որ արդեն անհնար է լռել»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ անհնար է հանդուրժել այն փաստը, որ միջազգայնորեն արգելված զենքերից հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, և աշխարհը լռում է:

Ակցիայի սկսելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանցից 3-ին հրավիրեցին դեսպանատուն՝ հանձնելու նամակը, որտեղ գրված են բոլոր պահանջները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել էր Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Լիլիթ Դեմուրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am