Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից

Armenpress 12:24, 22 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: Նա առաջնագծում տղաների հետ հանդիպումից հետո որոշել է խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել հայ ժողովրդին:

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում աղոթեն մեր նահատակների և, իհարկե, առաջնագծում կռվող զինվորների համար: Ուզում եմ, որ ամեն հայ ամեն օր աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ, որ այսօրվա եղած միասնականությունը պահպանվի: Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Ուզում եմ, որ օր առաջ, ժամ առաջ կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը՝ հնարավորության դեպքում այդ պարտքը՝ առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ: Պատվով կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը: Սա հայրենական պատերազմ է: Ուզում եմ նորից ընդգծել, պետք է հավատալ, ես հավատում եմ: Մենք հաղթելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Արայիկ Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am