Թուրքիան փորձում է պայքարը շարունակելու վճռականություն հաղորդել Ադրբեջանին. թուրքագետ

Armenpress 23:35, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն դիմի իրենց այդ հարցով, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարում է Ադրբեջանին՝ պայքարը շարունակելու վճռականություն հաղորդելու միջոց: Այս մասին Սաֆրաստյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Ադրբեջանը, փաստորեն, օգտագործում է իր վերջին ռեզերվները և շատ ուժեղ հարվածներ է ստանում ադրբեջանական բանակը, մանավանդ վերջին օրերի ընթացքում: Փաստորեն, դրանով փորձում են Ադրբեջանին վճռականություն հաղորդել, որ շարունակի պայքարը: Ես համոզված եմ, որ, եթե Թուրքիայի գործոնը չլիներ, Ադրբեջանը վաղուց  կգնար զինադադարի ու կսկսեր բանակցությունները: Որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել, ես դա վաղուց էի կանխատեսել, որովհետև իմ համոզմամբ, եթե Թուրքիան չի ուզում, որ Ադրբեջանը վերջնական ջախջախվի, պետք է իր զինված ուժերն ուղարկի: Հիմա էլ կա մասնակցություն, բայց զորք ուղարկելը վերջին միջոցն է, որ Թուրքիան լրիվ ներգրավվի պատերազմի մեջ»,- նշեց Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպես Թուրքիայի քայլին կնայեն Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի դաշնակիցները:

«Ռուսաստանը կարող է ավելի կտրուկ գործողությունների դիմել, արդեն ստիպված լինելով օգտագործելով իր հնարավորությունները: Ես ենթադրում եմ, որ դա կարժանանա նաև ՆԱՏՕ-ի շրջանակում իր դաշնակիցների շատ բացասական վերաբերմունքին: Եթե Թուրքիան տեսնի, որ Ադրբեջանը պարտվում է, ապա այլ քայլ չի մնա: Մի՞թե նրանք թույլ կտան, որ Ադրբեջանը պարտվի, ես կարծում եմ, որ այս հայտարարությունը պետք է լուրջ ընդունենք»,- ասաց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան Ադրբեջան զորք ուղարկելու քայլից կարող է հրաժարվել միայն այն դեպքում, եթե շատ ուժեղ ճնշում զգա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների կողմից:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am