1000х90.jpg (78 KB)

Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը. վարչապետի մամուլի խոսնակ

Armenpress 21:31, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահ երկրների և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- ասաց Գևորգյանը:

Մանե Գևորգյանը հավելեց, որ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը և շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:

«Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am