ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

Armenpress 16:56, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am