Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ

Armenpress 16:35, 20 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:  Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am