1000х90.jpg (78 KB)

Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում

Armenpress 14:41, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 5-րդ նստրջանի 2-րդ նիստին առաջին անգամ տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա ավագանու 36 անդամներն էլ միաձայն «կողմ» քվերակեցին, որպեսզի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին, օրակարգը սպառելուց հետո լինի հարց ու պատասխան:

«Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Սիփան Ասատրյանը խոսելով ռազմական դրության, պատերազմական իրավիճակի մասին՝ նշեց, որ այս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք կավելանան, որոնց տեղաշարժը պետք է մատչելի դարձնել:

«Որպես Հայաստանի ամենախոշոտ համայնք, մենք ապագայում կբախվենք այդ խնդրին: Կուզենայի, որպեսզի ավելի ուշադիր լինեինք մեր ենթակառուցվածքներն ավելի մատչելի ու հարմարավետ դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես հարմարավետ պետք է դարձնել տրանսպորտային միջոցները»,- նշեց Ասատրյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց ավագանու անդամի հետ ու հայտնեց, որ մինչ պատերազմն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են:

«Կարող եմ օրինակ բերել, ասենք, վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան շենքերում… Իմ կողմից խստագույն պահանջ է եղել, որպեսզի դրանք համապատասխանեն բոլոր միջազգային չափորոշիչներին, և հաշմանդամություն ունեցող անձանց մուտք ու ելքերը լինեն հարմարավետ: Ձեռք բերված 100 մինի-ավտոբուսները նույնպես  համապատասխանում են նորմերին և ցածր հատակ ունեն: Մոտակա ժամանակում, երբ ձեռք բերենք 8.5-9 մ երկարությամբ 200 ավտոբուսը՝ դրանք նույնպես համապատասխանելու են բոլոր միջազգային ստանդարտներին»,- նշեց Մարությանը:

Նույն խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ։

«Կան տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք դիմակ չեն կրում, և մնացած հիմնարկներում, որոնք ավելի շատ շփման մեջ են քաղաքացիների հետ, ավելի ուշադիր պետք է լինեն»,- ասաց Զաքարյանը։

Նա մյուս բնակիչներին նույնպես հորդորեց խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:

Ավագանու անդամը նկատեց, որ հիվանդանոցներում ականատես է եղել, թե ինչպես են մեկ հիվանդասենյակում հավաքվում մի քանի հոգի, ինչը շատ մեծ վտանգ է ներկայացնում:

«Բժիշկներն օր ու գիշեր աշխատում են ու փորձում փրկել մեր զինվորների կյանքը: Հետևաբար, բնակիչների մյուս մասը պետք է պահպանի բոլոր կանոնները՝ բժիշկների աշխատանքն էլ ավելի չբարդացնելու համար»,- ասաց Զաքարյանը:

Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ Մարությանը նշեց, որ արդեն իսկ հանձնարարական է տրվել, որպեսզի առնվազն համայնքապատկան կառույցների աշխատակիցները հետևեն հակահամաճարակային կանոններին:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am