Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ ԻԻՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության գոտու մասին

Armenpress 12:50, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա: «Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները»,- ասել է նա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինվորականները մի քանի օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am