Գեղարքունիքի մարզի դպրոցներն աջակցում են առաջնագծին եւ Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին  

Armenpress 12:05, 20 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ից ի վեր, ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, ինչպես նաեւ Արցախից ժամանակավորապես Գեղարքունիքի մարզ բնակության տեղափոխված ընտանիքներին:

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից,  Արցախին, առաջնագծին եւ Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել է 26 միլիոն 313,3 հազար դրամի ֆինանսական աջակցություն:

Իսկ Գավառի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների մանկավարժները եւ դպրոցականները Արցախին օգնելու նպատակով գումար են փոխանցել նաև «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամին»: Այդ միջոցները եւս ուղղվել են վերոնշյալ նպատակին:

Մի շարք դպրոցներ առաջնագծին օգնել են նաեւ սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am