Դիրքի գրավման կասեցումից մինչև զենքերի ոչնչացում. պարգևատրման են ներկայացվել մի խումբ զինծառայողներ

Armenpress 10:38, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններում ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրման են ներկայացվել հայկական զինուժի մի խումբ զինծառայողներ:

«Արմենպրես»-ին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հրետանավորների գրագետ գործողություններին:

«ՊԲ-ում կան այնպիսի հրետանավորներ, որոնք իրականացրել և իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ: Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու մեկ Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար»,- տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:

Գերատեսչությունից նաև նշում են, որ հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am