Պատերազմի առաջին օրը վիրավորված 13-ամյա տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Armenpress 21:20, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով սեպտեմբերի 27-ին վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակում դրական դինամիկա կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»,- գրել է Դերձյանը:

13-ամյա Ռոբերտն ու իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը հրետակոծվում էր Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, սակայն, ճանապարհին մեքենային ադրբեջանական ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am