Էրդողանը կրկին մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին, այս անգամ Հայաստանին զենքով աջակցելու մեջ

Armenpress 19:31, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական իրականությունից կտրված հայտարարությամբ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին հնչեցնելով նոր մեղադրանքներ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահը իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին զենք են տրամադրում: 

Էրդողանը հայտարարել է, իբր Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան սատարում են Հայաստանին, ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում՝ զենքի տեսքով: 

Այն, որ ՀՀ զինված ուժերի զենքի հիմնական մատակարար երկիրը Ռուսաստանն է, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն արդյունավետ զարգանում է ինչպես երկու երկրների դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, սակայն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի տեսքով աջակցելու մասին հայտարարությունը վկայում է Էրդողանի՝ իրավիճակին չտիրապետելու և իրականությունից կտրված լինելու մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am