ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

Armenpress 19:02, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ:

Խոսնակը նշել է, որ Գլխավոր քարտուղարը դատապարտում է հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները:

Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը:

Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am