Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Armenpress 16:02, 17 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:

Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն:

Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»:

Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am