Հադրութ քաղաքը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ

Armenpress 22:13, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութ քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները:

«Ադրբեջանը չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որ իրենք պատրաստ են եղել կատարելու դրանք, լիովին կեղծիք են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի գրոհները վերսկսվել են երեք-չորս ուղղություններով, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ, մարտական հարվածային ԱԹՍ-ներ, Թուրքիայի օդուժի աջակցությամբ հակառակորդը կատարել է նաև 36 մարտական թռիչք,  որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է խոցել 1 ՍՈւ-25 գրոհիչ:

Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են լինում, այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարում է զորքերի վերախմբավորումներ ու համալրումներ, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի ռազմական գործողությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 11-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի:

Հոկտեմբերի 11-ի երեկոյան, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am