1000х90.jpg (78 KB)

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կոչ է արել դադարեցնել կասետային ռումբերի կիրառումը

Armenpress 17:48, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց: 

«Ես հակամարտության կողմերին հիշեցնում եմ այն մասին, որ նրանք պետք է հավատարիմ մնան քաղաքացիական անձանց պաշտպանության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորություններին, - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքէջում տարածած հաղորդագրության մեջ նշել է Միշել Բաչելետը:

Բաչելետը ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանեն համաչափության սկզբունքը մարտական գործողություններ իրականացնելիս եւ խուսափեն բնակավայրերում զենքերի կիրառումից, որոնք ունի լայն խոցման հնարավորություն:

Նա խորը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

«Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել է նա ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի մասին կոնվենցիան:

Նրա խոսքով ՝ տագնապ է առաջացնում նաեւ այն փաստը, որ մարտական գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

Նա նախազգուշացրել է, որ շարունակվող բռնության պայմաններում կարող է դժվարանալ բնակիչներին բժշկական օգնության հասանելիության ապահովումը:

«Անհրաժեշտ է ապահովել առողջության պահպանման հասանելիությունը, ներառյալ հակամարտությունից տուժածների հոգեբանական աջակցությունը», - ամփոփել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am