Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել է նոր ղեկավար

Armenpress 12:48, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 8-ի հրամանագրերով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,-նշված է նախագահի մյուս հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am