Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով

Armenpress 23:19, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:

Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:

«Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am