ՊԲ-ն բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում հակառակորդին. կան դիրքային հաջողություններ

Armenpress 15:08, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու զորամիավորումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին. դիրքային որոշակի հաջողություններ ունենք»,- գրել է Պողոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am