Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները վերահաստատել են կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը

Armenpress 20:17, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Նախարարների զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների, ինչպես նաև դրանցում Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավվածության կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:

Նախարարները կարևորել են այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները՝ բանակցությունների սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձին նպաստող պայմանների ստեղծման գործում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am