Հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում պետք է գոտեպնդվի երկարատև մարտական գործողությունների.Օհանյան

Armenpress 23:13, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում չի կարողացել լուծել կարճ ժամանակահատվածում հաջողության հասնելու խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, նշելով, որ անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի:

«Այն կարճ օրերի ընթացքում, որ հակառակորդը ցանկացել է իր առջև դրված խնդիրը կատարել` մարտավարական խորության շուրջ 10-15կմ մեջ մխրճվել, չի կարողացել իրականացնել, այդ պատճառով էլ այս գործողությունները երկարաձգվել են: Արցախի և Հայաստանի քաղաքական և ռազմաքաղաքական իշխանությունները, ՀՀ դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի մարտական գործողությունները երկար չտևեն, որովհետև վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունները, որովհետև մարտական գործողությունների ժամանակ մենք ունենում ենք զոհեր, տարբեր տիպի կորուստներ: Բայց, որքան էլ երկար տևի պատերազմը, Պաշտպանության բանակը պետք է գոտեպնդվի, հայ ժողովուրդը պետք է գոտեպնդվի, անհրաժեշտության դեպքում երկարատև, դիմացկուն, տոկուն մարտական գործողությունների` մեր հայրենիքի համար»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր Պաշտպանության բանակը գերազանց է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

«Այսօրվա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն իր ողջ շտաբով հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխան գործողությունները: Այս բոլոր հաջողությունները հետագա հաղթանակների հիմքն են: Արցախի Հանրապետության ողջ ժողովուրդը դիմացկուն կերպով իր ուսերի վրա է տանում բոլոր այս դժվարությունները, զրկանքները, պատերազմի բոլոր դաժանությունները, մենք պետք է գոտեպնդվենք համբերությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է լցվենք համբերությամբ երկարատև պաշտպանություն իրականացնելու համար, պետք է ամուր, դիմացկուն լինենք, երբևէ խուճապի չմատնվենք, որովհետև մենք գտնվում ենք մեր հայրենի հողի վրա, մեր պատերազմն արդարացի է, իսկ արդարացի պատերազմների ժամանակ բոլորը հաղթանակներ են կրում»,- նշեց նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի, 60—ից ավել վիրավորվել: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am